The first German-Armenian Workshop

Հեռաբժշկության և էլ. առողջապահության առաջին Հայ-Գերմանական սեմինար

November 27, 2014

Հայ-Ռուսական Համալսարանում 2014 թ. նոյեմբերի 17-ից  20 –ը կայացավ Հեռաբժշկության և էլ. առողջապահության առաջին Հայ-Գերմանական սեմինարը: Միջոցառումը   կազմակերպվել էր Առողջապահական տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում հայ-գերմանական կրթական, գիտական և գործնական նախագծի շրջանակներում: Վերջինս իրականացվում է Գերմանիայից՝ Ռեգենսբուրգի համալսարանական բժշկական կենտրոնի, Դեգենդորֆի Տեխնոլոգիաների ինստիտուտի, և Կլուգհամեր հեռաբժշկական ընկերության, իսկ Հայաստանից՝ Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի և Տելեբժշկության հայկական ասոցիացիայի համատեղ ջանքերով: Նախագիծը ֆինանսավորվում է Հայաստանի Գիտության պետական կոմիտեի և Գերմանիայի Կրթության և գիտության դաշնային նախարարության կողմից։

Սեմինարի ընթացքում ներկայացվեցին զեկույցներ՝ նվիրված երկու երկրներում հեռաբժշկության և էլեկտրոնային առողջապահության ներկա վիճակին և զարգացման հեռանկարներին, տեղի ունեցան փորձագիտական քննարկումներ և գործնական նիստեր: Նոյեմբերի 18-ին և 19-ին սեմինարի աշխատանքներին բացի նախագծի մասնակիցներից, հրավիրված էին նաև ոլորտի հիմնախնդիրներով բոլոր հետաքրքրվածները: Մասնավորապես, նոյեմբերի 18-ի նիստին Հայաստանի բժշկության, առողջապահության կազմակերպման, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտների մի շարք առաջատար փորձագետներ հանդես եկան զեկույցներով, որոնք արտացոլում էին մեր երկրում առկա փորձը, նախագծերն ու ծրագրերը՝ տելեբժշկության  և էլեկտրոնային առողջապահության բնագավառում:  Նոյեմբերի 19-ի նիստում ծրագրի գերմանացի գործընկերները  ներկայացրեցին տելեբժշկության  և էլեկտրոնային առողջապահության արդի վիճակը Գերմանիայում և մասնավորապես՝ Բավարիայում, խոսեցին Դեգենդորֆի Տեխնոլոգիաների ինստիտուտի կրթական ծրագրերի մասին: Կլուգհամեր ընկերության տնօրեն, դոկտոր Ա. Շմաուս-Կլուգհամերը ներկայացրեց նաև կազմակերպության տելեբժշկական նախագծերը, անցկացրեց գործնական ուսուցման դասընթաց՝ նվիրված Campus Medicus և Case.io ինտերնետային տելեբժշկական լուծումներին:

Նշենք, որ այս նախագիծը այլ միջոցառումների հետ մեկտեղ, ենթադրում է երեք սեմինարների կազմակերպում մեկամյա ժամանակահատվածի ընթացքում (2-ը՝ Հայաստանում և 1-ը՝ Գերմանիայում), նպատակաուղղված է երկու երկրների միջև Առողջապահական տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների բնագավառում համագործակցության հետագա զարգացմանը:

Բաժանորդագրվել