Տելեբժշկական պիլոտային ծրագիր

July 15, 2010

Տելեբժշկության հայկական ասոցիացիան (ՏԲՀԱ) հաջողությամբ ավարտեց իր տելեբժշկական պիլոտային ծրագիրը, որը իրականացվում էր ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) միջոցներով` Առողջության առաջնային պահպանման բարեփոխումների (ԱԱՊԲ) ծրագրի շրջանակներում:
«Հայաստանում առողջապահական առաջնային սպասարկման որակի բարձրացում` Տելեբժշկության հայկական ասոցիացիայի բազմակողմանի զարգացման և ընդլայնման օգնությամբ» ծրագիրը պաշտոնապես մեկնարկել էր 2010թ. մարտի 1-ին` ՏԲՀԱ-ի և ԱԱՊԲ-ի միջև պայմանագրի ստորագրումից հետո, և նպատակաուղղված էր նպաստել Հայաստանում առողջապահության որակի բարելավմանը` առաջադեմ բժշկական կազմակերպության ընդլայնման, նորագույն տեխնոլոգիաների ներդրման, Հայաստանում և արտերկրում մասնագիտական կապերի ընդլայնման միջոցով: Ծրագիրը բաղկացած էր 4 խոշոր բաղադրիչներից` ասոցիացիայի զարգացում և ընդլայնում, Հայաստանում առողջապահական համակարգի զարգացման մեջ տելեբժշկության և Է-առողջապահության դերի հետազոտում, տելեբժշկական ցուցադրական գործուն համակարգի ստեղծում, արդյունքների գնահատում և հասարակության տեղեկացվածության բարձրացմանը նպատակաուղղված միջոցառումներ:
Առաջին բաղադրիչի հաջող իրագործման մասին է վկայում ասոցիացիայի կազմի ընդլայնումը, որի անդամների թիվը հասավ 70-ի: Շնորհիվ ասոցիացիայի վեբ-կայքի գործարկման և զարգացման, այլ տեղեկատվական միջոցառումների, բարելավվեց լայն և մասնագիտական հասարակայնության տեղեկացվածությունը ՏԲՀԱ-ի նպատակների, գործունեության, ապագա ծրագրերի, ինչպես նաև առողջապահության և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում ժամանակակից զարգացումների մասին: Միաժամանակ, դիտվեց այլ շահագրգիռ մասնագիտական կառույցների վերաակտիվացում, որը հիմք է ծառայում բժշկական և ոչ բժշկական ոլորտների մասնագետների և կազմակերպությունների ավելի սերտ և բեղմնավոր համագործակցության համար: Ծրագրի իրագործման 3 ամիսների ընթացքում տեղի ունեցած բազմաթիվ հանդիպումները, խորհրդակցությունները, մասնակցությունները տեղային և միջազգային ֆորումներին ու միջոցառումներին, ինչպես ծրագրի շրջանակներում, այնպես էլ նրանցից դուրս, նպաստեցին Ասոցիացիայի կայացմանը և նրա ազդեցության բարձրացմանը ոլորտում:
Ծրագրի կարևորագույն բաղադրիչը լիարժեք տելեբժշկական ցանցի մոդելի ստեղծումն էր, ոը բաղկացած է 2 համակարգչային կայաններից` հագեցված տեսակոնֆերանսային սարքերով և համապատասխան տելեբժշկական սարքավորումներով, որոնց միջև կապն ապահովվում է լայնաշերտ համացանցի միջոցով: Տելեբժշկական սարքերի հավաքակազմի մեջ մտնում են.
•    կենսական նշանների մոնիտոր, որը հնարավորություն է տալիս գրանցել և իրական ժամանակում փոխանցել 5 կենսական ցուցանիշներ (արյան ճնշում, սրտի կծկումների հաճախություն, էլեկտրասրտագիր, արյան հագեցվածություն թթվածնով, մարմնի ջերմաստիճան),
•    թվային ստետոսկոպ` որի միջոցով կարելի է գրանցել և հաղորդել հիվանդի սրտի և թոքերի լսման տվյալները
•    ուլտրաձայնային հետազոտման սարք` տվյալների թվայնացման և իրական ժամանակում փոխանցման համակարգով (Symotec)
•    բարձր թողտվությամբ թվային լուսանկարչական սարք:
Որպես հիվանդների գրանցման և տվյալների պահպանման և փոխանակման համակարգ կիրառվում է Microsoft SharePointTM համակարգը:
Ցանցի գործունեության 8 շաբաթների ընթացքում կազմակերպվել են 16 տելեբժշկական սեանսներ (շաբաթական 2 անգամ), ընդհանուր առմամբ 76 հիվանդների կատարվել են 93 տելեկոնսուլտացիաներ (միջինը 5.81 ` յուրաքանչյուր սեանսի ընթացքում): 76 հիվանդներից միայն 11-ն (14%) են հետագայում ուղեգրվել համապատասխան մասնագետների առերես կոնսուլտացիաների:
Տելեբժշկական համակարգի գործունեության ժամանակ և նրանից հետո կատարվել է ծրագրի նպատակահարմարության և առողջության առաջնային պահպանման գործում նրա նշանակության համալիր գնահատում, ըստ որի, համակարգի գործունեությունը թույլ է տալիս ավելի քան 70%-ով կրճատել հիվանդների այցելությունները հեռավոր վայրում գտնվող մասնագետներին` միաժամանակ ապահովելով վաղ ախտորոշում, բարելավելով բուժման արդյունքները, բարձրացնելով հիվանդների բավարարվածությունը բուժօգնությամբ, նպաստելով առաջնային բուժօգնություն ապահովող մասնագետների մասնագիտական աճին, նվազեցնելով առողջապահական ծախսերը:
Տելեբժշկության հայկական ասոցիացիան իր խորին երախտագիտությունն է հայտնում ԱՄՆ ՄԶ գործակալության ղեկավարությանը և, ԱԱՊԲ անձնակազմին, ՀՀ Առողջապահության Նախարարությանը, Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանըՀայկական բժշկական ասոցիացիայինMicrosoft-ArmeniaSourcioCornetGNC Alfa և Symotec ընկերություններին, ծրագրին մասնակցած բժիշկներին, կոնսուլտանտներին, մեր հիվանդներին և բոլոր նրանց, ովքեր անմասն չմնացին և նպաստեցին Ծրագրի իրագործմանը:

Ծրագրին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

Բաժանորդագրվել