The Information Day on TEMPUS IV project 

Տեղեկատվական օր՝ Tempus-ի «Կենսաբժշկական ճարտարագիտական կրթությունը արևելյան հարևանության տարածաշրջանում (BME-ENA)

May 21, 2015

2015 թվականի մայիսի 20-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ տեղեկատվական օր՝ Tempus-ի «Կենսաբժշկական ճարտարագիտական կրթությունը արևելյան հարևանության տարածաշրջանում (BME-ENA)» ծրագրի շրջանակներում:

Միջոցառմանը մասնակցում էին ծրագրի աշխատանքները համակարգող Պառնաս համալսարանի (Հունաստան), Վառնայի  տեխնիկական համալսարանի (Բուլղարիա), Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի (Հայաստան), Տելեբժշկության հայկական ասոցիացիայի, ինչպես նաև Հայաստանում «ERASMUS PLUS» ծրագրի ազգային գրասենյակի պատվիրակները:

Միջոցառումը վարում էր Տելեբժշկության հայկական ասոցիացիայի նախագահ, Tempus-ի «Կենսաբժշկական ճարտարագիտական կրթությունը արևելյան հարևանության տարածաշրջանում (BME-EMA)»  ծրագրի տեղային աշխատանքների համակարգող Գեորգի Չալտիկյանը:

Միջոցառման հիմնական նպատակն էր՝ ներկայացնել «Կենսաբժշկական ճարտարագիտություն» նոր եվրոպական համատեղ մագիստրոսական ծրագիրը, որը մեկնարկելու է 2015 թվականի սեպտեմբեր ամսին:  Ծրագիրը մշակվել է  Եվրոպական միության 7 երկրների (Հունաստան, Բելգիա, Իտալիա, Լեհաստան, Սլովենիա, Բուլղարիա և Ռումինիա) առաջատար համալսարանների հետ համատեղ: Ծրագրի մեջ ընդգրկված են  Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը, ինչպես նաև Մոլդովայի, Ուկրաինայի և Վրաստանի համալսարաններ: Այն թույլ կտա ուսանողներին ուսումը շարունակել եվրոպական գործընկեր երկրներում, ինչպես նաև կրթություն ստանալ  Հայաստան ժամանած լավագույն մասնագետների մոտ: Մագիստրոսական կրթական ծրագրի  ավարտից հետո ուսանողներին տրամադրվելու է եվրոպական գործընկեր համալսարանների համատեղ դիպլոմ:

Միջոցառման սկզբում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի միջազգային համագործակցության և զարգացման ծրագրերի գծով պրոռեկտոր Ռ.Աղգաշյանը ողջունելով հյուրերին՝ ներկայացրեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ողջ կառուցվածքն ու ձեռքբերումները:

Հանդիպման ընթացքում Պատրայի համալսարանի Կենսաբժշկական ճարտարագիտության կրթական ծրագրի տնօրեն, BME-EMA ծրագրի համակարգող պրոֆեսոր Նիկոլաս Պալիկարակիսը ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով հյուրընկալող կողմին՝ ներկայացրեց կենսաբժշկական ճարտարագիտության կրթության հեռանկարները և  ծրագրի առավելությունները:

Տելեբժշկության հայկական ասոցիացիայի նախագահ  Գեորգի Չալտիկյանը ներկայացնելով իր ղեկավարած կազմակերպության կառուցվածքն ու գործունեությունը, խոսեց նաև  կենսաբժշկական ճարտարագիտության նոր համատեղ մագիստրոսական ծրագրի և  Հայաստանում այդ ծրագրի իրագործման մասին:

Այնուհետև շահագրգիռ կողմերը հանդես եկան ելույթներով, որի ընթացում յուրաքանչյուրն իր հերթին  ներկայացրեց «Կենսաբժշկական ճարտարագիտություն» մասնագիտության ուսուցումը և լաբորատոր պայմանները:

Միջոցառումն ավարտվեց թեմային առնչվող հարցերի քննարկմամբ, որի ընթացքում նախագծում ընդգրկված փորձագետները պատասխանեցին նաև ուսանողներին հուզող մի շարք հարցերի:

Բաժանորդագրվել