Med-e-Tel 2010

April 20, 2010

14-16 ապրիլի, 2010թ. Տելեբժշկության հայկական Ասոցիացիան (ՏԲՀԱ) մասնակցեց Լյուքսեմբուրգում կայացած տելեբժշկության և էլեկտրոնային առողջապահության ամենամյա ֆորումին` Med-e-Tel 2010-ին, որը կազմակերպվում է Տելեբժշկության և է-առողջապահության միջազգային ընկերության կողմից (ISfTeH): Միջոցառումը, որին ՏԲՀԱ-ն մասնակցում էր երկրորդ անգամ, լուսաբանում էր տելեբժշկության և է-առողջապահության ոլորտներին վերաբերվող ազգային, միջազգային և գլոբալ մակարդակներով տեղի ունեցող իրադարձությունները: ՏԲՀԱ-ն ներկայացնում էր վերջերս մեկնարկած իր պիլոտային ծրագիրը, ինչպես նաև անցած տարվա ընթացքում տեղի ունեցած զարգացումները և նվաճումները:
Med-e-Tel –ը որը տելեբժշկության և է-առողջապահության ոլորտում աշխարհի կարևորագույն համաժողովներից ու գործարար ֆորումներից մեկն է, կազմակերպվում է 2002թ. սկսած, ամեն տարի Տելեբժշկության և է-առողջապահության միջազգային ընկերության կողմից (ISfTeH) Լյուքսեմբուրգի “Լյուքսէքպո” շքեղ ցուցահանդեսային կենտրոնում: Ֆորումին սովորաբար մասնակցում են տեղական եվրոպական և միջազգային պետական մարմինները, պաշտոնական աջակիցներ են հանդիսանում այնպիսի խոշոր միջազգային կազմակերպություններ և գործակալություններ, ինչպիսիք են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և Միջազգային տելեկոմունիկացիոն միությունը :
Միջոցառմանը ներկա էին ավելի քան 500 մասնակիցներ, այդ թվում տարբեր ասոցիացիաների գործադիր ներկայացուցիչներ, խորհրդատուներ, տարբեր ընկերությունների գործակալներ, կրթության և գիտության ոլորտի ներկայացուցիչներ, հիմնադրամներ, պետական մարմինների ներկայացուցիչներ, առողջապահական ապահովագրության ոլորտի մասնագետներ, հիվանդանոցների և բաժանմունքների ղեկավարներ, միջազգային կառույցներ, բժիշկներ, բուժքույրեր, ներդրողներ և այլն, ավելի քան 50 երկրներից. Ծրագիրը ծավալուն էր և ներառում էր ավելի քան 150 զեկույցներ, արբանյակային կոնֆերանսներ, նեղ քննարկումներ նվիրված բիոինֆորմատիկայի, անլար կապի, գործարար մոդելների, ոլորտի տնտեսական նպատակահարմարությանը վերաբերվող հետազոտությունների, Է-առողջապահության ոլորտի ծրագրերին, զարգացող երկրներում Է-առողջապահության հեռանկարների, հեռահար ուսուցման, առորյա բժշկական գործունեության հետ Է-առողջապահության ինտեգրացման,  էլեկտրոնային բժշկական գրառումների,  տնային տելեբժշկական ծառայությունների, էթիկական, օրենսդրական և այլ հարցերին:
ՏԲՀԱ նախագահ Գ. Չալտիկյանը ներկայացրեց զեկուցում Ասոցիացիայի ներկա վիճակի, ունեցած նվաճումների, ընթացիկ և ապագա ծրագրերի մասին: Ներկաները հատկապես մեծ հետաքրքրությամբ ընդունեցին ՏԲՀԱ-ի ընթացիկ պիլոտային ծրագրի մասին տեղեկատվությունը, և Հայաստանում տելեբժշկության ոլորտի զարգացմանը նպատակաուղղված ՏԲՀԱ-ի ջանքերը արժանացան մասնակիցների բարձր գնահատանքին: Ֆորումի մասնակցությունը խիստ արդյունավետ էր նաև  Տելեբժշկության և է-առողջապահության ոլորտի աշխարհի առաջաջար գիտական, կրթական գործարար կազմակերպությունների, մասնագիտական ասոցիացիաների, մասնավոր ընկերությունների, հասարակական և մասնավոր հիմնադրամների հետ գործարար կապերի ստեղծման առումով:

Բաժանորդագրվել