Տելեբժշկություն` ընտանեկան բժիշկների համար

May 10, 2010

6 Մայիսի, 2010թ. Իր ընթացիկ պիլոտային ծրագրի շրջանակներում Տելեբժշկության Հայկական Ասոցիացիան (ՏԲՀԱ) ԱՄՆ ՄԶ Գործակալության “Առողջության Առաջնային Պահպանման Բարեփոխումների Ծրագրի” (ԱԱՊԲ, PHCR) հետ համատեղ 2010թ. մայիսի 6-ին կազմակերպել էր “Տելեբժշկություն` ընտանեկան բժիշկների համար” մեկօրյա սեմինարը, որի նպատակն էր ծանոթացնել Հայաստանի առողջության առաջնային պահպանման ոլորտի մասնագետներին տելեբժշկության և է-առողջապահության բնագավառների, ինչպես նաև ՏԲՀԱ-ի ու նրա գործունեության հետ: Լսարանը բաղկացած էր ավելի քան 30 բժիշկներից և առողջապահության ոլորտի այլ մասնագետներից: Սեմինարին ներկա էին ԱԱՊԲ ծրագրի անձնակազմի մի շարք անդամներ, ինչպես նաև ծրագրի ղեկավար պարոն Ռ. Յոդերը:

Միջոցառման առաջին մասում Լոս-Անջելեսից (ԱՄՆ) ուղիղ տելեկոնֆերանսի միջոցով ներկայացվեց ներածական դասախոսություն ՏԲՀԱ նախագահ Գ. Չալտիկյանի կողմից: Դասախոսությունը ընդգրկում էր ընդհանուր տեղեկատվություն Տելեբժշկության և Է-առողջապահության մասին, ներառյալ նրա համառոտ պատմությունը, հիմունքները, կիրառվող սարքավորումները և լուծումները, առավելությունները և դժվարությունները, զարգացման հեռանկարները: Լուսաբանվեց նաև Ասոցիացիայի գործունեությունը` նրա առաքելությունը, նպատակները նվաճումները, ընթացիկ և ապագա ծրագրերը:

Սեմինարի երկրորդ կեսում ՏԲՀԱ խորհրդի անդամներ Ա. Ավոյանը, Դ. Գասպարյանը և Ռ. Հովհաննիսյանը խոսեցին ընթացիկ պիլոտային ծրագրի մասին, ներկայացնելով պատրաստված տեսանյութերը և մանրամասն նկարագրելով գործող տելեբժշկական մոդելը, կիրառվող ծայրամասային սարքավորումները և ՏՏ լուծումները, քննարկվեցին նաև ՏԲՀԱ-ի անդամակցության առավելություններին նվիրված հարցեր: Ծրագիրը, որը ժամանակակից տելեբժշկական սարքավորումների և լուծումների կիրառման միջոցով Ջրաշենի գյուղական ամբուլատորիայի համար հանրապետության առաջատար մասնագետների խորհրդատվությունից օգտվելու բացառիկ հնարավորություն է ընդձեռնում ընդունվեց մեծ հետաքրքրասիրությամբ: Ջրաշենի ամբուլատորիայի տնօրեն Ա. Թոսունյանը ներկայացրեց ծրագրի իրականացման առաջին 1 ամսվա ընթացքում ձեռք բերված փորձը և տպավորությունները:

Միջոցառման վերջում տեղի ունեցավ ակտիվ և հետաքրքիր բանախոսություն մասնակիցների միջև Հայաստանում Տելեբժշկության և Է-առողջապահության հեռանկարների, նման ծառայությունների անհրաժեշտության և առողջապահության համակարգի բարեփոխումների առումով նրանց ներուժի, զարգացման և ներդրման ուղիների մասին: Քննարկման ժամանակ արծարծվեցին նաև մասնագիտական և լայն հասարակության կողմից Տելեբժշկության և Է-առողջապահության ընկալմանը, տեխնիկական և նյութական դժվարություններին, առողջապահական տեղեկատվության փոխանակման գաղտնիությանը ու անվտանգությանը նվիրված և մի շարք այլ հարցեր:

ՏԲՀԱ-ն իր երախտագիտությունն է հայտնում ԱԱՊԲ ծրագրի անձնակազմին սեմինարի կազմակերպման և անցկացման ընթացքում ցուցաբերած աջակցության համար:

 

 ՏԲՀԱ նախագահ Գ. Չալտիկյանի դասախոսությունը.(pdf)

Բաժանորդագրվել