Armenian Association of Telemedicine is a partner in a Multinational Educational Project on Biomedical Engineering

Տելեբժշկության հայկական ասոցիացիան Կենսաբժշկական ճարտարագիտության ոլորտում միջազգային կրթական ծրագրի մասնակից է

May 15, 2014

Տելեբժշկության հայկական ասոցիացիան մասնակցում է բժշկական տեխնոլոգիաների ոլորտում կարեւոր միջազգային կրթական նախաձեռնությանը: Ծրագրին, որ կոչվում է «Կենսաբժշկական ճարտարագիտության կրթության Տեմպուս նախաձեռնությունը Արեւելյան հարեւանության երկրներում» (BME – ENA), եւ ֆինանսավորվում է Եվրամիության բարձրագույն կրթության բարեփոխումների ծրագրի կողմից (Տեմպուս), ՏԲՀԱ-ից բացի մասնակցում են նաեւ 16 համալսարաններ ԵՄ յոթ երկրներից (Բելգիա, Բուլղարիա, Հունաստան, Իտալիա, Լեհաստան, Ռումինիա եւ Սլովենիա) եւ այսպես կոչված ԵՄ Արեւելյան հարեւանության տարածաշրջանի (ENA) 4 երկրներից – Հայաստանից, Վրաստանից, Մոլդովայից եւ Ուկրաինայից: Ծրագիրը տեւելու է 3 տարի (2013 դեկտեմբերից մինչեւ 2016 նոյեմբերը), այն կոորդինացվելու է Հունաստանի Պատռաի համալսարանի կողմից, և նպատակ ունի մշակել եւ ներդնել Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի մասնակից համալսարաններում կենսաբժշկական ճարտարագիտության ոլորտում համատեղ մագիստրոսական ծրագիր, ընդգրկելով նաեւ բժշկական տեղեկատվական եւ հողարդակցական տեխնոլոգիաները (e-առողջապահություն եւ հեռաբժշկություն): Հայաստանում նախագծին կմասնակցեն կենսաբժշկական եւ տեխնոլոգիաների ոլորտների երկու առաջատար բուհեր. Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանը (ՀՌՀ) եւ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (ՀՊՃՀ, «Պոլիտեխնիկը»): ՏԲՀԱ-ն (կոնսորցիումի միակ ոչ կառավարական մասնագիտականկազմակերպությունը) կարեւոր դեր է խաղալու ծրագրի հաջող իրականացման գործում՝ մասնակցելով  ուսումնական ծրագրի բժշկական տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների մոդուլների զարգացմանը եւ դասավանդմանը, ապահովելով ծրագրի համակարգումը երկրի մակարդակով, ինչպես նաեւ երաշխավորելով համագործակցությունը շահագրգիռ կողմերի միջեւ (ուսումնական եւ բժշկական հաստատությունների, նախարարությունների եւ գերատեսչությունների): Ակնկալվում է, որ առաջին ուսանողները կարող են ընդգրկվել նորաստեղծ մագիստրոսական ծրագրում արդեն իսկ 2015 թ. սեպտեմբերին: Ուսումը տեւելու է երկու տարի, եւ կապահովի 120 փոխարկելի կրեդիտներ (ECTS): Դասախոսական կազմում ընդգրկվելու են ոչ միայն հայկական բուհերի դասախոսները, այլ նաեւ կենսաբժշկական տեխնոլոգիաների ոլորտում եվրոպական առաջատար փորձագետներ: Ծրագրի շրջանավարտները կստանան միջազգայնորեն ճանաչված վկայականները եւ կունենան հնարավորություն աշխատել ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ, ըստ էության, ցանկացած եվրոպական երկրում: Սակայն, նախագծի ամենակարեւոր արդյունքը կլինի բժշկական տեխնոլոգիաների արագ աճող ոլորտում բարձր որակավորման կադրերի պատրաստումը: Սա արդիական է նաեւ Հայաստանում, հաշվի առնելով հեռաբժշկության եւ էլեկտրոնային առողջապահության նոր ծրագրերը:

Նախագծի մասին լրացուցիչ տեղեկություններ կտեղադրվեն շուտով ծրագրի կայքում http://bme-ena.net հասցեով, ինչպես նաեւ Ասոցիացիայի կայքում եւ մեր սոցիալական ցանցերի էջերում:

Բաժանորդագրվել