Տելեբժշկության Հայկական Ասոցիացիան (ՏԲՀԱ) սկսում է իր նոր տելեբժշկական նախագծի իրականացումը, որի նպատակն է լիարժեք գործուն տելեբժշկական համակարգի գործարկումը Ստեփանակերտում (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) գտնվող առողջության առաջնային պահպանման հաստատության և ՏԲՀԱ կենտրոնական գրասենյակի միջև: Ծրագիրը աջակցվում է ԼՂՀ Կառավարության կողմից և իրագործվում է Տեղեկատվական Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության և Սայմոտեկ ընկերության հետ համատեղ: Նախատեսվող տելեբժշկական համակարգը բաղկացած կլինի 2 համակարգչային կայաններից (ծայրամասային կետ` տեղակայված Ստեփանակերտում գտնվող պոլիկլինիկական հաստատությունում, և խորհրդատվական կայան` ՏԲՀԱ կենտրոնական գրասենյակում) որոնք կկապվեն բարձր արագության ինտերնետային կապով (2/2Mbps) և զինված կլինեն ոչ միայն սովորական տեսակոնֆերանսային սարքերով, այլ նաև համապատասխան տելեբժշկական թվային սարքավորումներով: Վերջիներիս մեջ մտնում են. կենսական ցուցանիշների մոնիտոր, որը թույլ է տալիս իրական ժամանակում ստանալ և փոխանցել 5 ցուցանիշներ (արյան ճնշում, սրտի կծկումների հաճախություն, արյան հագեցվածություն թթվածնով, էլեկտրասրտագրություն, մարմնի ջերմաստիճան), թվային ստետոսկոպ` բլութութ միացումով(3M™ Littmann®) տելեաուսկուլտացիոն ծրագրային փաթեթով (Zargis Cardioscan™); ստանդարտ 10-MP թվային ֆոտոխցիկ ; ուլտրաձայնային հետազոտման սարք` տվյալների թվայնացման և փոխանակման ծրագրային ապահովմամբ (Symotec), և օֆթալմոսկոպ. Հիվանդների տվյալների գրանցման և փոխանակման համար կիրառվում է նման նպատակների համար նախատեսված համակարգչային սերվեր և տվյալների բազա:
Ըստ նախատեսված ծրագրի, համակարգը կգործի մեկ աշխատանքային շաբաթ` 2010թ. նոյեմբերի 29-ից մինչև դեկտեմբերի 3-ը և այս ժամանակահատվածում Հայաստանի սրտաբանության, ակնաբուժության, մաշկաբանության և ուլտրաձայնային ախտորոշման առաջատար մասնագետները կզննեն և խորհրդատվությամբ կապահովեն ծայրամասային կայան դիմած հիվանդներին:
Ենթադրվում է, որ ներկա պիլոտային ծրագիրը կհանդիսանա ավելի ծավալուն նախաձեռնության առաջին քայլը, որի իրագործումը նախատեսված է հաջորդ տարի, և որի նպատակը կլինի ԼՂՀ-ում տելեբժշկական ցանցի ստեղծումը:
Ծրագրի մասին (2010)
2010թ. նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 3-ը ԹԱՀԱ-ն (այն ժամանակ՝ Հեռաբժշկության հայկական ասոցիացիա) Լեռնային Ղարաբաղի (Արցախի) բժշկական հաստատությունների հետ իրականացրել է հեռաբժշկության փորձնական նախագիծ։ Նախագիծը հավանության է արժանացել տեղական իշխանությունների կողմից և իրականացվել է Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ՏՏՁՄ) և Symotec ՍՊԸ հեռաբժշկական գիտահետազոտական ընկերության հետ համատեղ։
Համակարգը բաղկացած էր համակարգիչներով և պարզ տեսակոնֆերանսի սարքերով հագեցած երկու հեռաբժշկական կայանից՝ ուղղորդող կայանը Ստեփանակերտի Արմինե Պաղումյանի անվան պոլիկլինիկական կենտրոնում (ժամանակակից բազմապրոֆիլ առաջնային բուժօգնության հաստատություն), իսկ խորհրդատվական կայանը՝ Ասոցիացիայի կենտրոնական գրասենյակում՝ Երևանում։ Հինգ աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի առաջատար մասնագետները տարբեր մասնագիտությունների գծով հետազոտել և խորհրդատվություն են տրամադրել 19 պացիենտի՝ զգալիորեն բարելավելով նրանց բուժման կառավարումը։
Բժիշկներն ու պացիենտները ջերմորեն ողջունեցին Հայաստանի առաջատար մասնագետներից խորհրդատվություն ստանալու հնարավորությունը՝ առանց իրենց տարածաշրջանից հեռանալու։ Լեռնային Ղարաբաղի (մոտ 140 000 բնակիչ) առողջապահական համակարգը սերտորեն կապված է Հայաստանի համակարգի հետ, և փորձառու մասնագետների ու մասնագիտացված հաստատությունների (սրտաբանական, ակնաբուժական, մաշկաբանական) հաճախակի պակասի պատճառով շատ պացիենտներ ուղեգրվում են Երևանի բժշկական կենտրոններ։ Շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկերներին, տեղական կազմակերպիչներին, ուղղորդող բժիշկներին և խորհրդատուներին, ինտերնետ մատակարարներին և բոլոր նրանց, ովքեր նպաստել են նախագծի իրականացմանը։

