“ՏՀՏ և նորարարական տեխնոլոգիաները առողջապահությունում” գիտա-գործնական նիստ Դիջիտեք 2012 բիզնես ֆորումի շրջանակներում

July 13, 2012

2012թ. հունիսի 16-ին Մարիոթ-Արմենիա հյուրանոցում Տելեբժշկության Հայկական Ասոցիացիան (ՏԲՀԱ) և Տեղեկատվական Տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը 5-րդ ամենամյա Դիջիտեք գործարար ֆորումի շրջանակներում կազմակերպել էին գիտագործնական նիստ՝«Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաները առողջապահությունում»  թեմայով:  Նիստը նվիրված էր ՏԲՀԱ համահիմնադիր և խորհրդի անդամ Դավիթ Գասպարյանի հիշատակին:

Նիստի համանախագահներն էին ՀՀ Ազգային ժողովի Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պրոֆեսոր Արա Բաբլոյանը, և Դիջիտեքի հրավիրված զեկուցող, տելեբժշկության և էլեկտրոնային առողջապահության առաջատար միջազգային փորձագետ, Հարավ-Աֆրիկյան Տելեբժշկական Ասոցիացիայի հիմնադիր նախագահ, պրոֆեսոր Մորիս Մարսը: Պրոֆեսոր Մարսի մասնակցությունը միջոցառմանը հնարավոր դարձավ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության EDMC (Ձեռնարկությունների զարգացումև շուկայի մրցունակություն) ծրագրի կողմից աջակցության շնորհիվ:

Նիստի առաջին կեսում մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Դ. Գասպարյանի հիշատակը, որից հետո համառոտ ելույթ ունեցավ ՏԲՀԱ նախագահ Գեորգի Չալտիկյանը, ներկայացնելով կազմակերպության ընթացիկ գործունեությունը, նվաճումները, ներկա և առաջիկա ծրագրերը և նախագծերը:

Նա մանրամասնորեն անդրադարձավ ՏԲՀԱ-ի վերջին խոշոր միջոցառման՝  2011թ. հոկտեմբերին կայացած ԱՐՄՏԼԵՄԵՄԵԴ-1 միջազգային կոնգրեսի արդյունքներին, ինչպես նաև այս տարվա 2 խոշոր միջազգային տելեբժշկական միջոցառումներին՝  ապրիլի 18-20-ը Լյուքսեմբուրգում կայացած Տելեբժշկության և էլ. Առողջապահության Միջազգային Ընկերության Med-e-Tel ֆորումին և ապրիլի 29-ից մայիսի 1-ը Սան Խոսեյում կայացած Ամերիկյան Տելեբժշկական Ասոցիացիայի ամենամյա համաժողովին ՏԲՀԱ մասնակցության արդյունքներին: Ապա ներկայացվեցին Ասոցիացիայի ընթացիկ նախագծերը՝ այդ թվում Ամերիկյան Medweb  ընկերության հետ համատեղ իրականացվող տելեբժշկական ծրագիրը, ազգային էլ. Առողջապահական ծրագրի շրջանակներում իրականացվող գործունեությունը, պացիենտների հեռահար հսկողության միացյալ ծրագիրը (տես ստորև), ինչպես նաև մի քանի կոմերցիոն և կրթական նախագծեր: Գ. Չալտիկյանի ելույթին հաջորդեց պրոֆեսոր Մարսի զեկույցը նվիրված էլ առողջապահության գլոբալ զարգացումներին, մարտահրավերներին և նվաճումներին:

Նիստի առաջին մասը եզրափակեց էլեկտրոնային կառավարման ներդրման ազգային գործակալության՝ ԷԿԵՆԳ-ի ներկայացուցչի զեկույցը՝ նվիրված Հայաստանում ոլորտի զարգացման ծրագրի իրականացման հարցերին, որի նկատմամբ մեծ հետաքրքրությունը արտացոլվեց զեկույցին հաջորդած ակտիվ քննարկմամբ՝ Հայաստանի առողջապահության համակարգում տեղեկատվական և կոմունիկացիոն տեխնոլոգիաների ներդրման ուղիների, առկա հիմնախնդիրների վերաբերյալ:  Քննարկմանը մասնակցում էին ինչպես Առողջապահության նախարարության, օրենսդիր մարմինների, այնպես էլ առողջապահական տարբեր ոլորտների, մասնավոր առողջապահական կառույցների, ՏՏ և կրթական ոլորտների առաջատար մասնագետներ:

Ընդմիջումից հետո նիստի երկրորդ կեսը նվիրված էր «շարժական առողջապահության» և պացիենտների հեռահար մոնիտորինգի միջոցներին (Home telehealth): Հրավիրված զեկուցողներն էին ֆիննական MegaKoto- ընկերության նախագահ Մարկո Յունտունենը և հոլանդական շարժական սրտաբանական մոնիտորինգի ծառայություններ իրականացնող MobileCardio ընկերության ներկայացուցիչ Մարտին Մոերմանը, որոնք ներկայացրեցին շարժական կապի միջոցով սրտաբանական հիվանդների մոնիտորինգի իրենց լուծումները և մոտեցումները: Հարկ է նշել, որ վերոնշյալ ընկերությունները ներկայացված էին նաև Դիջիտեք գործարար ֆորումի ցուցահանդեսում, արժանանալով այցելուների, մասնագետների ուշադրությանը և մեծ հետաքրքրասիրությանը:  Նիստից հետո տված իր հարցազրույցում ՏԲՀԱ նախագահ Գ. Չալտիկյանը նշեց, որ այս առաջատար ընկերությունների հետ համագործակցությունը լինելու է շարունակական և նպատակաուղղված է լինելու Հայաստանում հիվանդների շարժական մոնիտորինգի համակարգերի ներդրմանը:

Նիստին ներկա էին ավելի քան 65 մասնակիցներ, ինչը արտացոլում է Առողջապահական ՏՀՏ հարցերի նկատմամբ  տարբեր ոլորտների մասնագետների շրջանում աճող հետաքրքրասիրությունը:

Նիստի զեկույցները կարող եք ներբեռնել վարը նշված հղումներով:

ՏԲՀԱ-ի խորհուրդը իր երախտագիտությունն է հայտնում նիստի համակազմակերպիչներին, աջակիցներին և մասնակիցներին, և ակնկալում է նոր հանդիպումներ առաջիկա կրթական, գիտական, գործարար և գործնական միջոցառումների շրջանակներում:


AATM_Update_Chaltikyan_DigiTecBF_2012

AATM-Medweb_Saghatelyan_DigiTecBF_2012

EKENG_eHealth_16Jun12

MegaKoto_mHealth_Juntunen_DigiTecBF_2012

MobileCardio_Moerman_DigiTecBF_2012

Բաժանորդագրվել